ԱԻՄ

Ինքնորոշում Միավորում
Ռուսական գազը... | ԱԻՄ XXIV Համագումար << Սկիզբ

Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին

Հայ ժողովուրդը 2003-2004թթ. սահմանագծին

Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին

Պարույր Հայրիկյանի 2003 թվականի նոյեմբերի 28-ին Ռոբերտ Քոչարյանին հասցեագրած բաց նամակը առաջին հայացքից հասարակական, քաղաքական հարցերի վերաբերյալ մեկ անձից մեկ այլ անձի ուղղված սուր քննադատությամբ լի խոսք է։ Սակայն դրա հետ առաջին իսկ ծանոթությունից հետո հանգում ես եզրակացության, որ ոչ միայն իր բաց նամակ լինելու հանգամանքով, այլեւ, եւ առաջին հերթին, իր բովանդակությամբ՝ հնչեցված գնահատականներով ու տեսակետներով, այն հասարակական, առանց վարանելու կարելի է ասել՝ պատմական-քաղաքական փաստաթուղթ է։ Այդ պատճառով ԱԻՄ նախագահությունը որոշեց այս բաց նամակը հանրությանը մատչելի դարձնելու համար հրապարակել առանձին գրքույկով։ Կցված է նաեւ նամակում արծարծված հարցերից մեկի առնչությամբ հատված մի խումբ ամերիկահայ իրավաբանների եւ բժիշկների ուղերձից։


Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին

Շնորհավորում եմ...

Նոյեմբերի 21-ին վերաքննիչ դատարանը չեղյալ հայտարարեց քո կառավարության պահանջով առաջին ատյանի դատարանի՝ ԱԻՄ-ի դրամական միջոցների եւ գույքի վրա արգելանք դնելու եւ ԱԻՄ կուսակցությունից «հօգուտ Հայաստանի Հանրապետության կառավարության 15 միլիոն դրամ» բռնագանձելու, ըստ էության՝ ԱԻՄ գործունեությունը կասեցնող որոշումը։ Դու եւ քո կառավարությունը որոշել էիք այնպիսի պարտք վերագրել ԱԻՄ-ին, որ այն նույնիսկ գործելու ի վիճակի չլիներ։ Վերաքննիչ դատարանը դա արդեն չափազանց համարեց:

Սակայն, ուժի մեջ է թողնված ԱԻՄ հրատարակչության եւ ԱԻՄ կենտրոնական գրասենյակներն ԱԻՄ-ից վերցնելու քո կառավարության պահանջով դատարանի ընդունած որոշումը։ Լոռու մարզային եւ Շիրակի մարզային գրասենյակներից հետո երեւի սա քո գլխավոր քաղաքական ձեռքբերումն ես համարում, բայց մի շտապիր ուրախանալ։ Եթե անգամ վճռաբեկը այս ապօրինի վճիռն ուժի մեջ թողնի, ապա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առաջ ծնկի ես գալու։

Մինչեւ 1988թ. ես քո մասին ոչինչ չգիտեի։ Դու տեղյա՞կ էիր իմ եւ իմ ընկերների՝ հանուն ազգային (այդ թվում նաեւ՝ Արցախի) խնդիրների լուծման մեր պայքարի մասին, չգիտեմ։

Առաջին անգամ քեզ հետ հանդիպեցի 1990թ. Պրահայում՝ «Դեպի ժողովրդավարություն տանող խաղաղ ճանապարհը» միջազգային խորհրդաժողովում։ Երկու տասնյակ ազգերի ազատագրական պայքարի ներկայացուցիչների այդ պատմական հանդիպմանը ես մասնակցում էի որպես ղեկավար-կազմակերպիչ, դու՝ որպես իմ կողմից հրավիրյալ։ Հետագայում՝ 1998 թվականին, ԱԻՄ համագումարում դու երախտագիտությամբ նշեցիր, որ դա քո առաջին ուղեւորությունն էր արտասահման։ Ես հայկական պատվիրակության Եռագույնը պահելու պատիվը Պրահայում քեզ վստահեցի ոչ միայն այն պատճառով, որ դու ներկայացնում էիր հայության արցախյան հատվածը։ Մշտապես իմ պարտքն եմ համարել օգտակար լինել ու առաջ մղել խոստումնալից թվացող մարդկանց։

Առաջին հիասթափությունն ապրեցի 1998թ. նախագահական ընտրություններից հետո ռուսական հեռուստատեսությանը տվածդ պատասխանը լսելով։ Քեզ հարցնում էին, թե դու ինչպես պիտի նախագահես Հայաստանում՝ չլինելով Շեւարդնաձեի ու Ալիեւի պես կարկառուն կոմունիստ, եւ դու շտապեցիր նշել, որ դու էլ ես կոմունիստական նոմենկլատուրայի ներկայացուցիչ եղել։ Մոռացար, որ ոչ Չերչիլն է կոմունիստ եղել, ոչ էլ՝ Դը Գոլն ու մյուսները։ Մոռացար նաեւ այն, որ քեզ այլ որակի՝ Արցախյան ազատամարտի հիմնական դեմքերից մեկը լինելու համար էին մարդիկ գնահատում, եւ ոչ՝ քո կենսագրության խամաճիկային շրջանի (Ո՜վ չգիտե, թե կոմունիստ ինչ էր նշանակում)։ Այնուամենայնիվ այդ հարցազրույցդ ինձ ոչ թե վանեց, այլ հուշեց, որ պետք է քեզ օգնել, օգնել դառնալու ժամանակակից՝ եվրոպական չափանիշներով առաջնորդվող ազգային-պետական գործիչ, բայց դու ինքդ էլ դա պիտի ցանկանայիր։

1992թ., երբ ես, որիսում եւ որիսի շրջանում երկու ամսով պարետ նշանակված լինելով զբաղված էի փախստականների համար Լաչինի տարածքում բնակավայրեր ստեղծելու եւ նրանց տեղավորելու հարցերով, մոտեցա այն տարածքներին, ուր դու էիր գործում։ Դու քո տանն էիր եւ քո տունն էիր պաշտպանում. ես Եվրոպա, ԱՄՆ տեսած թողել էի նաեւ իմ երեւանյան տունը եւ պարետի ժամկետն ավարտվելուց հետո էլ տարիներ շարունակ մնացի քո կողքին, որոշ պահերի (1992թ. օգոստոս-հոկտեմբեր) ամենավտանգավոր, իսկ ընդհանրապես՝ ամենապատասխանատու տարածքում։ Պահպանվել են ինձ հասցեագրածդ նամակները։ Քառասունից ավելի ընկերներ ու զինակիցներ կորցրի ազատագրյալ տարածքներում բնակավայրեր ստեղծելու անհրաժեշտությունն ու դրա հնարավոր լինելն ապացուցելու համար։ Անցյալ տարի «Աիմավան 1-ում» ավարտվեց իմ նախաձեռնությամբ նրանց հիշատակը հավերժացնող եկեղեցու եւ հուշահամալիրի կառուցումը։ Այդ տարածքները բնակեցնելու նախաձեռնության համար դու պետական պարգեւի արժանացրիր ինձնից երկու տարի հետո այդ կողմերի վարչակազմի պետ նշանակված մարդու։ Կարծում էի, թե պատահականություն է, բայց հիմա պարզից էլ պարզ է, որ դու դեռ այն ժամանակներից հանձնարարություն էիր իրականացնում՝ անէացնել Հայրիկյանին։

Երբ քեզ ՀՀ վարչապետ նշանակեցին, մտածեցի, որ դա կնպաստի Արցախի սերտաճման գործընթացին: Հետո դու լինելով Արցախի քաղաքացի՝ կամեցար դառնալ ՀՀ Նախագահ։ Ես դա լավ նախանշան համարեցի. եթե արցախցին Նախագահ է դառնում եւ աշխարհն ընդունում է, ապա՝ կընդունի նաեւ ՀՀ ընտրություններին արցախցու մասնակցությունը։ Սակայն այդ ուղղությամբ ոչինչ չարեցիր։ Արցախի հարցը քեզ չէր հուզում։

1998թ. նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո դու՝ Վահան Հովհաննիսյանի եւ Սամվել Բաբայանի միջնորդությամբ՝ աղերսում էիր երկրորդ փուլում քեզ աջակցել։ «Հակառակ դեպքում կանցնի հին ժամանակների կողմնակից Կարեն Դեմիրճյանը», - տագնապ էին արտահայտում քո պատվիրակները։ ԱԻՄ-ը համաձայնեց պաշտպանել քո թեկնածությունը միայն այն բանից հետո, երբ դու հրապարակավ խոստացար աջակցել մեր ծրագրերի, մասնավորապես՝ սահմանադրական բարեփոխումների իրականացմանը։ Եւ դարձար աշխարհի կողմից ընդունվող՝ օրինական ընտրված Նախագահ։

Ընդամենը մեկ տարի անց դու միացար նախագահական ընտրությունների քո մրցակցին։ Միացար առանց խղճի խայթ զգալու իմ եւ ԱԻՄ-ի դեմ, այն ուժի դեմ, որ քեզ օգնել էր օրինական Նախագահ ճանաչվել։ Պաշտոնապես 98թ-ին մեր ստացած 75000 ձայնը ձեր «դաշինքով» 9 ամիս անց դարձրիք՝ 23000, իսկ ինձ, ի հեճուկս քո նախընտրական հրապարակային խոստման, «խնդրեցիր» սահմանադրական բարեփոխումների գործը վստահել «մասնագետների»։ Հայաստանի պես երկրում ես հասարակական կարգով կատարեցի ամենաանշնորհակալ՝ Մարդու իրավունքների պաշտպանության աշխատանքը։ Դուք եւ ձեր նմանները այդպես՝ առանց օգուտի ու աշխատավարձի, մեկ օր էլ չէիք աշխատի։ Ես պարզապես անցյալում էլ, երբ ազգային եւ իրավապաշտպան գործունեության համար քո գաղափարախոսական հայրերն ինձ բանտ էին տանում, սովոր էի վարձ չստանալ կամ վարձատրվել բանտերով։ Քեզ համար ճգնաժամային պահերին, երբ դու խորհում էիր նաեւ հրաժարական տալու մասին, ես խոսքի եւ միայն խոսքի ուժով անում էի անհնարին թվացողը։ Անում էի ոչ հանուն քեզ (երեւի դրանից էլ դժգոհ էիր), այլ՝ հանուն մեր ժողովրդի, որպեսզի սեւ գնդապետներ չտնօրինեին մեր ճակատագիրը։

Մեծամտացար ու մոռացար, որ Նախագահ դարձել էիր լինելով իշխանակիր՝ նշանակված վարչապետ։ Եթե չլիներ այդ լծակը, կարծու՞մ ես, որ ձայն կստանայիր։ Հանուն քո անձնական հավակնությունների դու ձախողեցիր սահմանադրական բարեփոխումները։ Քեզ դուր չէր գալիս քեզնից անկախ Ազգային ժողովի գոյությունը։ Նրանք քո կամակատարները պիտի լինեին։

Ազգային գիտակցական մակարդակիդ, ավելի ճիշտ դրա բացակայությանն ես հարմարեցնում մեր ազգային կյանքը։ Ալիեւը իր երկրի այբուբենն ամբողջությամբ փոխեց, իսկ դու չուզեցիր նույնիսկ Լեզվի մասին օրենքի կայացմանը փոքր-ինչ նպաստել։

Հազար տարի առաջ Հայոց թագավորը Վեստ Սարգսի միջոցով իր մահից հետո Անին կտակեց Բյուզանդիային, կրկնում եմ՝ իր մահից հետո։ Դու մեր երկրի եռանդուժը՝ էներգետիկ կարողությունները քո «թագավորության» օրոք, խաղաղ պայմաններում հանձնեցիր օտար պետության։ Չե՞ս հասկանում, որ ատոմակայանն հանձնելով տվեցիր նաեւ այնտեղ «պատահական» վթար կազմակերպելու «իրավունքը» (հիշի՛ր, 1988 թվականի «երկրաշարժը»)։ Չգիտե՞ս, որ մեզ համար ճգնաժամային իրավիճակում, եթե անհրաժեշտ լինի պետական վերահսկողություն իրականացնել էներգետիկ կարողությունների նկատմամբ, դու այդ դավադիր գործարքով ռուսական իմպերիալիստական ուժերին, «իրենց պետական ունեցվածքը պաշտպանելու» պատրվակով, «դեսանտայիններ» իջեցնելու իրավունք ես տվել։ Սրանից ավելի մեծ հանցանք կարելի՞ էր թույլ տալ սեփական ժողովրդի դեմ։ Քանի՞ սերունդ պիտի զբաղվի քո «սխալներն» ուղղելով։

Հիշում եմ, սկզբնական շրջանում դու վրդովվում էիր, որ անձամբ հարկադրված ես միջամտել տարբեր հարցերի կարգավորմանը։ Հետո դու վարժվեցիր դրան եւ հաճույք էիր ստանում այն գիտակցությունից, որ ամեն ինչ ինքդ ես որոշում՝ մոռանալով, որ դու մաֆիայի պարագլուխ չես, այլ՝ պետության Նախագահ։ Հասարակության փչացումը քո գերխնդիրն ես դարձրել։ Հայաստանը դարձրել ես ջիպատեր «վոսմյոռկաների, սեմյոռկաների» ու մանավանդ՝ «շեստյոռկաների» երկիր։ Քո իշխանության տարիներին մեզանում վերացավ խոսքի ազատությունը, հանրային հեռուստատեսությունը այնպիսի ճնշման տակ ես պահում, որ Տիգրան Նաղդալյանը չհամարձակվեց լուսաբանել Արամ Խաչատրյանի համերգասրահում, Արցախի հոգեւոր առաջնորդի, Ազգային ժողովի նախագահի մասնակցությամբ, Ազատագրյալ տարածքների բնակեցման տասնամյակի միջոցառումը։ Հինգ տասնյակ նահատակների հիշատակին հարգանքի տուրքն էին մատուցում ապրողները, բայց հանձնարարված էր «բոյկոտել»։ Քեզնից բացի ոչ ոք չէր համարձակվի այդպիսի պատվեր տալ եւ Տիգրան Նաղդալյանն էլ միայն քեզնով էր ապրում...։ Իսկ հիմա Ալեքսան Հարությունյանին ես «ոչնչացնում»՝ իմ դեմ հանելով։ Իր աշխարհագրական եւ քաղաքական ընդգրկմամբ աննախադեպ պատմավավերագրական ֆիլմը չի ցուցադրում, որովհետեւ քո «փառավոր ուղու» մասին չէ, եւ մի դրվագ ես երեւում Եռագույն դրոշը ձեռքիդ։

Մարդու իրավունքների հանձնաժողովի չորս տարեկան զեկույցներում նշվում էր մարդկանց սոցիալական անապահով վիճակը։ Դու ամենայն հանգստությամբ կենսաթոշակների չնչին ավելացումը կապում էիր միայն ընտրությունների հետ։ Քեզ համար քո երկրի քաղաքացին ընդամենը քեզ ձայն տալու պարտավորված միավոր է, իսկ երկիրը՝ գավառամիտ հավակնություններիդ բավարարման միջոց։ Չե՞ս մտածում, որ սա մի օր վերջ է ունենալու։

Դու փորձեցիր ԱԻՄ-ը պառակտել ներսից: տար մի քանի ծախու արարածների, որոնք այդպիսին էին դարձել քո նմանների հետեւողական ճնշման պատճառով: Եւ իրար ետեւից ներկայացումներ սարքեցիր, թե ԱԻՄ-ը այլեւս չկա:**

Չստացվեց, եւ որոշեցիր «առաջ գնալ»։

Վերջին ընտրություններում տարբեր մարզերից ահազանգ ստացանք, որ հատուկ հրահանգ է իջեցված՝ ԱԻՄ-ը ձայն չի ստանալու: Այն տեղամասերում, ուր հնարավոր եղավ վերստուգում իրականացնել, պարզվեց, որ 5-20 անգամ ձայները իջեցված են քո նշանակած մարդկանց միջոցով: Դու որդեգրել ես Հայաստանը աշխարհի հզորների ձեռքին խաղալիք, թույլիկ վարչական միավոր դարձնելու քաղաքականություն: Դրա համար թույլ ես տալիս, որ հարկեր չվճարելու ճանապարհով, այս կամ այն ոլորտում մենաշնորհի ճանապարհով ուռճացած, կասկածելի անցյալով մարդիկ տիրեն քաղաքական դաշտին, եւ ասպարեզից վերանան իրապես ազգային ու մարդկային շահերով առաջնորդվող կազմակերպությունները։

Դու դրածդ խնդրի իրականացմանը չհասար. ԱԻՄ-ը ստացավ քո ծրագրածից բազում անգամներ շատ ձայն: Քո դրածոների նկարած թիվն անգամ քո սպասածից շատ ստացվեց: ԱԻՄ-ը, ինչպես միշտ, ոչ իշխանական լծակներով, այլ՝ իր գաղափարական ներգործությամբ, մնում է ազգային քաղաքական կյանքի հզորագույն գործոն: Սին հույսեր ես փայփայում ԱԻՄ-ին գրասենյակից զրկելու ճանապարհով վերացնել ասպարեզից, հասնել հայ ժողովրդի բոլոր ժամանակների թշնամիների մեծագույն երազին՝ հայությանը զրկել ազգային ու մարդկային արժեքներին հետամուտ մարդկանց գոյությունից:

Երբ «Առավոտի» թղթակիցն ասաց, որ դու Երեւանի քաղաքապետարանում հանձնարարել ես, որ ԱԻՄ-ից վերցվի նրա գրասենյակի շենքը, ես դա սադրանք համարեցի:

Սակայն «պարզվեց», որ Հայաստանի տարբեր վայրերում մեր գրասենյակները՝ բոլորը միաժամանակ «խախտումներ են արել»: Դատարանի միջոցով, այսինքն՝ նաեւ դատավորներին փչացնելով, դու եւ քո լափակիցները ԱԻՄ-ից վերցրիք նախ Լոռու գրասենյակը, որը մեզ է պատկանել 14 տարի ու դարձրիք մի քանի ծախուների ծխարան, հետո վերցրիք յումրու 1989 թվականից մեզ պատկանած գրասենյակը։ Այս օրերին ավարտին եք հասցնում ԱԻՄ հրատարակչության տարածքի եւ կենտրոնական գրասենյակի «ազգայնացումը»։ Երբ ՀՀՇ-ն մեզ խնդրում էր դուրս գալ ՀԵՄ-ի շենքից, այլ տեղեր էր առաջարկում։ Դու մտածեցի՞ր, թե ուր է գնալու գրասենյակազուրկ դարձող Հայաստանի առաջին ժողովրդավարական կազմակերպությունը։

Չգիտե՞ս, որ ԱԻՄ-ի անվան հետ են կապված բազմաթիվ ազգային ձեռքբերումներ։ Աստծուն չես հավատում, գիտեմ, բայց ժողովրդի անեծքից էլ չե՞ս վախենում։ Չէ՞ որ ԱԻՄ-ի դեմ այս քայլերիցդ հետո մի օր՝ Սահմանադրության, Անկախության հանրաքվեի տոները նշելիս՝ կարող է քեզ մի բան պատահել...

Օգոստոս ամսին Աբխազիայում սպանվեցին Աբխազիայի կարատեի դպրոցի տնօրեն, վերջին ընտրությունների ժամանակ իմ կողքին կանգնած փեսաս եւ նրա եղբայրը: Երկու ամիս անց զարմուհուցս ահազանգ ստացա ինձ սպառնացող վտանգի մասին եւ տեղեկացրի Ազգային Անվտանգության մարմիններին: Դրանից մեկ շաբաթ անց ոստիկանությունը թույլտվության ժամկետը երկարաձգելու պատրվակով խնդրեց իմ զենքերը, եւ հիմա չի վերադարձնում 10 տարուց ավելի իմ անունով գրանցված զենքերը։ ՀՀՇ իշխանությունները նման իրավիճակներում թիկնապահներ էին ինձ կցում. դու շտապում ես զինաթափել:

Դու իմ միջոցով թագավորություն ստացար, բայց ուզում ես ինձ զրկել ունեցածս հյուղակից: Այս ես դու եւ երեւի անկարող ես այլը լինել։ ուցե տերե՞րդ թույլ չեն տալիս։

Բավարարվենք այսքանով։

Այս բաց նամակով ես քեզանից ոչինչ չեմ ակնկալում։ Լավ հասկանում եմ, որ դու քաղաքական (որ չունես) եւ մարդկային կեցվածքով արժանի չես Պարույր Հայրիկյանից նույնիսկ մեկ տող ստանալու, սակայն արժե, որ հետո, եթե Աստված քեզ արժանի անի անցյալիդ մասին հանգիստ խորհելու, եւ ինքդ քեզ կողքից նայելու փորձ անես, գիտենաս, թե քո մասին ինչպիսի կարծիքի է հանգել քո ժամանակակից մահկանացուներից մեկը։

Պարույր Հայրիկյան

28 նոյեմբերի 2003թ.


* Կոմունիստական համակարգում կարիերա արածների եւ անել ձգտողների մոտ ընդունված է մեղքը բարդել ժամանակների վրա. «Ժամանակներն էին այդպիսին», որով ուզում են ասել, որ իրենք լավն են եղել եւ օրինակելի: Կարծես թե այլ ժամանակներում են ապրել Սախարովն ու Հայրիկյանը, Սոլժենիցինն ու Փարաջանովը, Հայկազ Խաչատրյանը, Ստեփան Զատիկյանը, Վլադիմիր Բուկովսկին, Վյաչեսլավ Չորնովիլը, Մերաբ Կոստավան եւ ժամանակներին չտրվող այլ հազարավոր ազգային ու իրավապաշտպան գործիչներ: Պարոնա՛յք, խոստովանեք, որ պատեհապաշտ եղել եք եւ պատեհապաշտ էլ մնում եք:

* Հիմա էլ, երբ իշխանությունները տագնապ են զգում ԱԻՄ-ից, կրկին ասպարեզ են տալիս ԱԻՄ-ի դուրսպրծուկներին:

Որպես հավելում

ԱԻՄ հրատարակչությունը ներկայացնում է հատված Ռոբերտ Քոչարյանին հղված մի խումբ ամերիկահայ իրավաբանների ու բժիշկների ուղերձից:

«...Մեծարգո պարոն Նախագահ,

մենք՝ ամերիկահայ իրավաբաններ եւ բժիշկներ, նախ՝ զարմանքով, ապա՝ խորին մտահոգությամբ տեղեկացանք, որ Հայաստանի կառավարության հետեւողական ջանքերով փակվում են ԱԻՄ-ի գրասենյակները եւ անտրամաբանական հիմնավորմամբ դրամական աննախադեպ տույժ է սահմանված ԱԻՄ-ի նկատմամբ: Հասականալի է, որ դա ԱԻՄ-ի գործունեության կասեցում է նշանակում:

Բոլոր ժողովրդավարական պետություններում ԱԻՄ-ի պես կազմակերպություն ունեցող ազգերը այդ կազմակերպությունների գրասենյակները թանգարան են դարձնում, իսկ նրա պատմությամբ՝ գործունեության օրինակով, սերունդ են դաստիարակում։ Մի՞թե Դուք տեղյակ չե՞ք, որ՝

  • ԱՄԿ-ԱԻՄ-ը Սովետական Միության առաջին ժողովրդավարական կազմակերպությունն է եղել,
  • ԱԻՄ-ն է հրատարակել Սովետական Միությունում առաջին քաղաքական այլընտրանքային շաբաթաթերթը՝ «Անկախություն»ը ,
  • ԱԻՄ-ի հիմնադիր եւ առաջնորդ Հայրիկյանը համախմբել է Սովետական Միության բոլոր այլախոհներին ու ազգային-ազատագրական պայքարի ներկայացուցիչներին՝ միասնական ճակատով կայսրության ազգերի անկախությունը վերականգնելու նպատակով (ականատեսներից մեկն էլ անձամբ Դուք եք եղել՝ որպես Պրահայում 1990թ. կայացած Խորհրդաժողովի հրավիրյալ),
  • Այսօր պետականորեն՝ որպես մեծագույն տոն, նշվող Անկախության հանրաքվեի նախաձեռնությունը՝ Սեպտեմբերի 21-ը, ԱԻՄ-ինն է,
  • Արցախի հարցի լուծման միջազգայնորեն (Արցախին՝ ինքնորոշում) ընդունելի եւ պատմականորեն իրեն արդարացրած (Արցախին կարող է օգնել միայն անկախ Հայաստանը) բանաձեւերի հեղինակը ԱԻՄ-ն է,
  • Ազատագրյալ տարածքներում փախստականներին բնակեցնելու նախաձեռնողը ԱԻՄ-ն է եւ այլն եւ այլն։
  • ....
  • Մենք հավատում ենք հայ ժողովրդի ներուժին. ունենալով իր անկախության ճանապարհի այսպիսի նվիրյալ ջոկատ եւ նրա օրինակով աճած, ազատ Հայաստանում կայացած գործիչների բանակ՝ կհաղթահարի նաեւ այս շրջանը: Սակայն դրանով հանդերձ մեր պարտքն ենք համարում, մեծարգո Նախագահ, կարծիք հայտնել, որ Դուք հավանաբար լավագույնս իրազեկված չեք ԱԻՄ-ի նկատմամբ կիրառվող անընդունելի միջոցների եւ դրանց բարոյական եւ քաղաքական հետեւանքների մասին։ Մենք համոզված ենք, որ Դուք կանեք ձեզնից կախյալը վերջ տալու ԱԻՄ-ի նկատմամբ քողարկյալ հետապնդումներին եւ վերականգնելու ԱԻՄ գրասենյակները։
  • Մանավանդ գիտությունների ակադեմիան պետք է հասկանա, որ այս գործով մեր Ազգային ակադեմիան մի ամոթալի խարան է վաստակելու ազգային ակադեմիական կուսակցության՝ Հայաստանի անկախության ճարտարապետ կուսակցության դեմ քաղաքական դավադրությունում գործիքի դեր ստանձնելով»:

Մենք հավատում ենք հայ ժողովրդի ներուժին. ունենալով իր անկախության ճանապարհի այսպիսի նվիրյալ ջոկատ եւ նրա օրինակով աճած, ազատ Հայաստանում կայացած գործիչների բանակ՝ կհաղթահարի նաեւ այս շրջանը: Սակայն դրանով հանդերձ մեր պարտքն ենք համարում, մեծարգո Նախագահ, կարծիք հայտնել, որ Դուք հավանաբար լավագույնս իրազեկված չեք ԱԻՄ-ի նկատմամբ կիրառվող անընդունելի միջոցների եւ դրանց բարոյական եւ քաղաքական հետեւանքների մասին։ Մենք համոզված ենք, որ Դուք կանեք ձեզնից կախյալը վերջ տալու ԱԻՄ-ի նկատմամբ քողարկյալ հետապնդումներին եւ վերականգնելու ԱԻՄ գրասենյակները։

Մանավանդ գիտությունների ակադեմիան պետք է հասկանա, որ այս գործով մեր Ազգային ակադեմիան մի ամոթալի խարան է վաստակելու ազգային ակադեմիական կուսակցության՝ Հայաստանի անկախության ճարտարապետ կուսակցության դեմ քաղաքական դավադրությունում գործիքի դեր ստանձնելով»:


Ամերիկահայ բժիշկներ եւ իրավաբաններ
Կարո Եղնուկյան, Րաֆֆի Գեւորգյան եւ ուրիշներ